19 հոկտեմբերի 2001 - 22:35 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ, ՈՐ ՍԻԲԻՐԱԽՏԸ ԽԱՆԳԱՐԵՑ 907-ՐԴ ՈՒՂՂՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆԸ
Ամերիկաադրբեջանական խորհրդի ղեկավար Ջեյհուն Մոլազադեն հայտարարել է, որ հիմքեր կան հոըսալու, որ Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղումը չեղյալ կհայտարարվի: Այդ ուղղումը արգելում է ԱՄՆ-ի վարչակազմին ուղղակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, մինչեւ այն չդադարեցնի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: Բաքվի «Զերկալո» թերթի հաղորդագրության համաձայն` 1992 թվականին Կոնգրեսի կողմից մտցված պատժամիջոցների վերացման մասին հարցը կարող էր ընդգրկվել Սենատի օրակարգի մեջ դեռ երեկ, եթե Սենատում մեծամասնություն կազմող դեմոկրատների առաջնորդ Թոմաս Դեշլի գրասենյակում չհայտանաբերվեին սիբիրախտի վարակակիրները: Տեղի ունեցածի կապակցությամբ տեղեկատվություն հայտնվեց, որի համաձայն «ադրբեջանական հարցի» քննարկումը կհետաձգվի անորոշ ժամանակով: Սենատը կշարունակի իր աշխատանքը երեքշաբթի օրը: Դա թույլ է տալիս Բաքվի մեկնաբաններին հուսալ, որ պատժամիջոցների վերացման կամ նախագահին 907-րդ ուղղման ուժը կասեցնելու լիազորություններ շնորհելու մասին հարցի քննարկումը չի հետաձգվի: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: