Մայիսի 15-ին Երևանում` Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի գործկոմի առաջին նիստում 2009 թվականի Համահայկական խաղերի գլխավոր մրցավար Եղիշե Դավթյանը կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանին ու տարբեր հայկական համայնքների ներկայացուցիչներին ներկայացրեց 2009թ. խաղերի մասին զեկույցը:
Դավթյանի տվյալների համաձայն, 2009 թվականի Համահայկական խաղերին բասկետբոլի 20 կանանց ու տղամարդկանց թիմ է մասնակցել և 15 ֆուտբոլային թիմ: «Խաղերը հաջող անցան, բայց, ցավոք, կանանց թիմերը քիչ էին: Մեր բասկետբոլի մրցավարները քիչ են, և ես առաջարկում եմ, որպեսզի տարբեր երկրների պատվիրակություններ ներկայանան նաև մրցավարներով»,- ասաց Դավթյանը:
2011 թվականի Համահայկական խաղերը տեղի կունենան օգոստոսի 13-21-ը: Գլխավոր մրցավարի խոսքով, ՀՀ կառավարությունը 80 մլն դրամ է հատկացրել խաղերի անցկացման համար: «Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի օգնությամբ մենք արդեն նոր վահաններ ու լուսատախտակներ ենք ձեռք բերել: Խաղերի անցկացման համար կընտրենք լավագույն դահլիճներն ու մարզադաշտերը: Կանենք ամեն ինչ, որպեսզի խաղերը օբյեկտիվ ընթացք ունենան»,- ընդգծեց Դավթյանը:
Համահայկական խաղերի ծրագրի մեջ մտնում են 10 սպորտաձևեր` ֆուտբոլ, ֆուտզալ, բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս և մեծ թենիս, թեթև աթլետիկա, լող, բադմինթոն և շախմատ:
Արդեն հայտնի են 9 սպորտաձևերի անցկացման վայրերը: Հայտնի չէ միայն, թե որ մարզադաշտերում կանցկացվեն ֆուտբոլային հանդիպումները, քանի որ այդ ժամանակ Հայաստանի առաջնությունն է ընթանալու: Այդ հարցը պետք է լուծվի Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ: