ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Չեխիայի պատվիրակությունը երկրի վարչապետ Յան Ֆիշերի գլխավորությամբ: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Չեխիայի վարչապետը նշեց, որ իր երկիրը «բաց է Հայաստանի համար և մենք կարող ենք շփման եզրեր գտնել»:
Ինչպես հաղորդել է Յան Ֆիշերը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում, չնայած ծանր ժամանակներին, Չեխիան հսկայական ներուժ ունի արտահանման համար, բացի այդ, Չեխիան կարող է մեծաքանակ ապրանքներ ներմուծել Հայաստանից: Հայաստանի ու Չեխիայի միջև համագործակցության ներուժ կա ՏՏ, զբոսաշրջության և տրանսպորտի ոլորտներում:
Բացի այդ, վարչապետը նշել է, որ ուրախ է գտնվել նման հիասքանչ երկրում, որտեղ այսքան աշխատող կանայք կան: «Ես ուրախ եմ լինել Հայաստանում և չեմ կարող չնշել այն փաստը, որ այսքան աշխատող կանանց եմ տեսնում, դա ինձ շատ է ուրախացնում»,-ասել է նա:
2009 թվականին Հայաստանից Չեխիա է արտահանվել 1,5 մլն դոլարի ապրանք, իսկ 2010թ. առաջին եռամսյակում արտահանումը կազմել է 103 հազար դոլար: Ներմուծումը 2009-ին կազմել է 15,1 մլն դոլար, իսկ առաջին եռամսյակում` 11 մլն դոլար: Հայաստանը Չեխիա է արտահանում մոլիբդենի խտանյութ, ֆերոմոլիբդեն, խեցեղեն և փայտե իրեր, ձեռագործ գորգեր, ադամանդի հումք և այլն: Չեխիայից Հայաստան ներմուծվում են հրուշակեղեն, գարեջուր, սննդամթերք, դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ, պլաստմասե իրեր, թուղթ, տրիկոտաժ :
Չեխիայի վարչապետի երկօրյա այցի շրջանակներում անցնում է նաև հայ-չեխական գործարար համաժողով, որտեղ երկու երկրների գործարարները առավել սերտ առևտրատնտեսական կապեր են հաստատում: