17 մայիսի 2010 - 19:08 AMT
Տարածաշրջանային խաղացողները չեն համաձայնի Ղարաբաղի 2 շրջաններից հայկական ուժերի դուրսբերման առաջարկին

Ղարաբաղին կից 2 շրջաններից հայկական ուժերի դուրսբերման շուրջ խոսակցությունները նորություն չեն, սակայն դրանց գործնական հատվածի համար հարկավոր է հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համապարփակ փաթեթին, որն իր մեջ կներառի բոլոր հարցերը, այդ թվում` Ղարաբաղի կարգավիճակը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշևը` մեկնաբանելով թուրքական լրատվամիջոցների տեղեկատվությունն այն մասին, որ Բաքու կատարելիք այցի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանին կառաջարկի համաձայնել հայկական ուժերի դուրսբերմանը միայն Ֆիզուլիից և Քելբաջարից:

«Նման առաջարկը չի դիտարկվի, քանի որ դրան կհաջորդեն կտրուկ փոփոխություններ ուժերի դասավորության հարցում: Բացի դրանից, տարածաշրջանային խաղացողները դժվար թե համաձայնեն դրա հետ»,- ասաց ռուս փորձագետը` ավելացնելով, որ նման հաղորդագրությունները նպատակաուղղված են Էրդողանի` Բաքու կատարելիք այցի շուրջ տեղեկատվական ֆոնի ստեղծմանը:

Խոսելով Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վավերացման գործընթացի մասին` Անդրեյ Արեշևն ասաց, որ իրադրությունն այստեղ միանշանակ է: «Թուրքական խորհրդարանում Արձանագրությունների ոչ մի վավերացում տեղի չի ունենա, մինչև Հայաստանը միակողմանի զիջումներ չանի ղարաբաղյան կարգավորման հարցում: Գործընթացը բարդ է, և դրա համար դեռ խորհրդակցությունների մի քանի փուլեր կպահանջվեն»,- ընդգծեց փորձագետը: