17 մայիսի 2010 - 19:13 AMT
ԼՂՀ-ում քննարկվեց 2010 թվականի բերքահավաքի աշխատանքների կազմակերպումը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված այս տարվա բերքահավաքի աշխատանքների կազմակերպմանը: Ինչպես հաղորդում է հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, երկրի ղեկավարը ընդգծել է բերքահավաքի պատշաճ իրականացման և կորուստները նվազագույնին հասցնելու անհրաժեշտությունը: Միաժամանակ Նախագահը կարևորել է պաշտպանության բանակի և փրկարար ծառայության ներուժի օգտագործումը` հատկապես հրդեհների դեմ պայքարի կազմակերպման գործում:

Բակո Սահակյանը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետներում կազմել աշխատանքային պլան և Մարտունու շրջանում ստեղծել դաշտային պայմաններում գործող շտաբ-ճամբար` իրականացվող աշխատանքները տեղում համակարգելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև մի շարք տնտեսվարող սուբյեկտների ղեկավարներ: