1992թ. մայիսի 18-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը հուժկու հարվածով ազատագրեցին Լաչինի շրջանն ու Լաչինը` այժմ Բերդաձոր: Բացվեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհը և ճեղքվեց Ղարաբաղի շրջափակման օղակը: Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին գործողության ավարտը: Այդ ճանապարհն անվանեցին «Կյանքի ճանապարհ»:
Մինչ Լաչինի շրջանի ազատագրումը և Հայաստանի հետ ցամաքային կապի հաստատումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գտնվում էր դաժան տնտեսական շրջափակման մեջ: Դադարեցված էր էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը: Ռազմամթերքի, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի նվազագույն քանակը ՀՀ-ից ԼՂՀ էր տեղափոխվում քաղաքացիական ավիացիայի ուժերով` «Մի-8» ուղղաթիռներով և բեռնափոխադրումների համար հարմարեցված «Յակ-40» և «ԱՆ-2» ուղևորատար ինքնաթիռներով: Ավելորդ չէ նշել նաև, որ ինքնաթիռների թռիչքները հնարավոր դարձան միայն Խոջալուի ազատագրման արդյունքում, քանի որ Ղարաբաղի միակ գործող օդանավակայանը գտնվում էր այդ ավանի տարածքում և վերահսկվում էր Ադրբեջանի կողմից: