Մայիսի 18-ին Հայաստանի խորհրդարանում քննարկվել է ՀՀ «Ռադիոյի և հեռուստատեսության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրել էր Հայաստանի կառավարությունը:
Ներկայացված օրինագիծը հետապնդում է ռադիոյի և հեռուստատեսության բնագավառի բարելավման նպատակ` թվային հեռարձակման միջոցով: Այս մասին ՀՀ ԱԺ նիստի ընթացքում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը: Ըստ Թումասյանի, ռադիոյի և հեռուստատեսության բարելավումն ընթանալու է երկու փուլով` թվայնացման, որը տևելու է մինչև 2015 թ. և զարգացման:
Փոխնախարարն ասել է նաև, որ օրինագիծը նախատեսում է առաջին փուլում կրճատել Հայաստանի հեռուստաընկերությունների թիվը` 22-ից հասցնելով 18-ի:
Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն օրինագիծը համարել է անընդունելի և հայտարարել է, որ կառավարությունը այն պետք է հետ կանչի, քանի որ դրա ընդունումով Հայաստանի իշխանությունները համընդհանուր վերահսկողություն են սահմանում հոռուստաեթերի նկատմամբ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին ասել է, որ անընդունելի է այն փաստը, որ ՀՀ ԱԺ է ներկայացվում օրինագիծ առանց այն խորհրդարանի գլխադասային հանձնաժողովում քննարկելու: