20 մայիսի 2010 - 15:58 AMT
Հայաստանի նախկին վարչապետը չի բացառել, որ ֆինանսական ճգնաժամը կարող է շարունակվել

Հայաստանի վարչապետ Հրանտ Բագրատյանը չի բացառել, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը կարող է շարունակվել: Ընդ որում նա երեք պատճառ է նշել, թե ինչու դեռևս հիմք չկա ճգնաժամի հաղթահարման մասին խոսելու համար` առաջինը, բանկերը ոչ միայն վարկավորում են բիզնեսը, այլ նաև այդ բիզնեսի բաժնետերեր են դառնում, երկրորդը, խոշորագույն կորպորացիաները չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները կենսաթոշակային հիմնադրամների հանդեպ և երրորդ պատճառը` տարբեր արժույթների հետ բյուջեի շաղկապումն է:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ճգնաժամի նոր ալիքը Հայաստանին կհասնի վեց ամիս անց, և այն ավելի ուժգին կլինի: Հրանտ Բագրատյանը դա հիմնավորեց նրանով, որ փորձագետներից շատերը կանխատեսում էին համաշխարհային տնտեսության կտրուկ կենտրոնացում, ինչպես նաև տնտեսությունների անխուսափելի «պայթյուն» Հարավային Եվրոպայի երկրներում, քանի որ կեսաթոշակների միջին չափն այդ երկրներում շատ բարձր է: «Այդ ֆոնի վրա հավանական է, որ ճգնաժամի նոր ալիքը Հայաստան կհասնի 2010 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին»,-ասել է նա: Ընդ որում նա ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում, այլ «մակերեսային փոփոխությունների» է դիմում:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես պետք է բնակչությունը դիմակայի ճգնաժամի նոր մարտահրավերներին, նախկին վարչապետը խորհուրդ տվեց ձեռք բերել թանկարժեք մետաղներ, ցանկալի է` պալադիում, քանի որ ոսկու գինը չի բարձրանա, և հնաոճ իրեր: