Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Օրենբուրգի մարզի ղեկավար Ալեքսեյ Չեռնիշևին: Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը ջերմությամբ է հիշել 2009 թվականի օգոստոսին Օրենբուրգի մարզ կատարած իր այցը: Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս երախտագիտություն է հայտնել Օրենբուրգում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի համար: «Օրենբուրգի մարզում ազգամիջյան շփումների մշակույթը կարող է արժանի օրինակ ծառայել»,- ընդգծել է նա:
Ալեքսեյ Չեռնիշևն իր հերթին գոհունակություն է հայտնել Հայաստան այցելելու և ՀՀ նախագահի հետ հանդիպելու հնարավորության համար: Նա ասել է, որ իր հետ Հայաստան է ժամանել բավականին ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում են տարբեր ոլորտների ղեկավար-մասնագետներ: Մայիսի 21-ին կստորագրվի երկկողմ համագործակցության մասին համաձայնագիր, որի նպատակն է հստակեցնել գործակցության ընդհանուր ուղղություններն ու փոխշահավետ կապեր հաստատել:
Կողմերը նշել են, որ ռազմավարական գործընկերներ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա դաշնակցային հարաբերությունները, քաղաքական բարձր մակարդակի ակտիվ երկխոսությունը, երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու փոխադարձ համակրանքը լավ ազդակ են նաև միջմարզային բնագավառում փոխգործակցությունը խորացնելու ու նոր որակի հասցնելու համար: Նախագահ Սարգսյանի խոսքով`բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները պետք է ամրապնդվեն փոխշահավետ տնտեսական կապերով ու ծրագրերով: