20 մայիսի 2010 - 19:50 AMT
«Ոսկե ծիրանի» բացմանը ներկա կլինեն Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմի դերասանները

«Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցելու համար 2010-ին 500 հայտ է ստացվել 75 երկրներից, որը մի կողմից մեզ շատ է ուրախացնում, մեկ այլ կողմից` վշտացնում, քանի որ մենք ստիպված ենք ընտրել այդ ֆիլմերից 100-120-ը մեծ էկրանների պակասի պատճառով», հաղորդել է «Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրերի տնօրեն Միխայիլ Ստամբուլցյանը մայիսի 20-ին մամլո ասուլիսում: Նրա խոսքերով, սովորաբար մասնակցության հայտեր գալիս էին 60-62 երկրից, իսկ այս տարի հայտեր ստացվել են Նիկարագուայից, Կոստա-Ռիկայից, Հորդանանից և այլ երկրներից:

«Ոսկե ծիրանը» հավատարիմ կմնա իր ավանդույթներին: Փառատոնին ներկայացվելու է 3 մրցույթային ծրագիր. գեղարվեստական ֆիլմ, փաստագրական ֆիլմ և հայկական համայնապատկեր:

Այս տարի հիմնական շեշտը դրվելու է հոբելյանների վրա: Այս տարի նշվում են կինոյի 7 անվանի գործիչների հոբելյանները. Անրի Վեռնոյի 90-ամյակը, Ատոմ Էգոյանի 50-ամյակը, Արմեն Ջիգարխանյանի 75-ամյակը:

Հարգանքի տուրք է մատուցվելու նաև մեծ դերասաններ Մհեր Մկրտչյանին, Խորեն Աբրահամյանին, ռեժիսոր Հենրիկ Մալյանին և օպերատոր Ալբերտ Յավուրյանին:

Ըստ այդ հոբելյանների կազմվել է փառատոնի ծրագիրը: Այն բացելու է Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը: Ինչպես խոստանում են փառատոնի կազմակերպիչները, բացմանը ներկա են լինելու ֆիլմի մի քանի դերասաններ, ինչպես նաև ռեժիսորի որդին: Իսկ «Ոսկե ծիրանի» ժյուրիի նախագահ Ատոմ Էգոյանի ծննդյան օրը Երևանում կնշեն մեծ շուքով:

Այս տարի հագեցած է լինելու նաև փառատոնի «Երևանյան պրեմիերաներ» հատուկ ծրագիրը: Դրա շրջանակներում ներկայացվելու են Սերգեյ Սոլովյովի «Համադասարանցիները», «Մեղր» ֆիլմերը: Վերջինը Բեռլինի կինոփառատոնում գլխավոր մրցանակ է ստացել: Այդ ֆիլմը թուրք ռեժիսոր Սեմիխ Կապլանօղլուի «Ձու», «Կաթ», «Մեղր» եռապատման մասն է: «Ձուն» 2009-ին ներկայացվել է «Ոսկե ծիրանի» ժամանակ: Ծրագրին մասնակցելու են նաև Կարեն Շախնազարովի «Հիվանդասենյակ համար 6» աղմուկ հանած ֆիլմը, անվանի լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի «Փոխադարձ այցելություն» ֆիլմը, թուրքական արմատներով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Ակինի «Հոգու խոհանոց» ֆիլմը և այլն:

«Մոսկվա» կ/թ-ի մոտ բացվելու է հայ կինոյի աստղերի յուրահատուկ «ճեմուղի»: Սակայն տեխնիկական պատճառներով առայժմ անվանական «աստղերը» կպատկերվեն կինոթատրոնի պատին:Պատի վրա առաջինը հայտնվելու են հայ կինոյի 4 ականավոր գործիչների անվանական աստղերը. Անրի Վեռնոյի, Համո Բեկնազարյանի, Սերգեյ Փարաջանովի և Ալբերտ Յավուրյանի:

«Երեք հայկայան բրենդերը` ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, մշակությի նախարարությունը և «Ոսկե ծիրանը», պետք է միավորեն իրենց ջանքերը Հայաստանը միջազգային ասպարեզում պատշաճ կերպով ներկայացնելու համար»,- հայտարարել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ոսկե ծիրանի» 7-րդ փառատոնը տեղի կունենա հուլիսի 11-18-ը: Ֆիլմերը ցուցադրվելու են նաև Գյումրիում և Ջավախքում: