«Տեղեկատվությունն այն մասին, որ հայ-թուրքական գործընթացի կարգավորման նոր փաստաթուղթ կարող է հայտնվել, ամբողջությամբ սուտ է, որը նույնիսկ հարկ չկա մեկնաբանել»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Երևանում իր արգենտինացի պաշտոնակից Խորխե Տայանայի հետ համատեղ մամլո ասուլիսում:
Նա հերքել է նաև թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե իբր Թուրքիայի մասնակցությամբ բանակցություններ են ընթանում ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն երկու ազատագրված շրջաններից (Քելբաջարից ու Ֆիզուլիից) դուրս բերելու մասին:
Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են դադար առնել և նոր «փայլուն» մի գաղափար ընդունել բանակցությունները շարունակելու համար: Այդ մասին Վաշինգտոնում կայացած կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Թուրքիայի Մեծ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, իշխող Արդարության և զարգացման կուսակցության փոխնախագահ Սուաթ Կինիկլիօղլուն: «Ես դեռևս ոչինչ չեմ կարող ասել այդ նոր փաստաթղթի մասին, սակայն դա իրոք «փայլուն» առաջարկ է»,-ասել է նա:
Թուրքիայի վարչապետը Բաքու կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է համաձայնվի երկու շրջանների` Քելբաջարի ու Ֆիզուլիի վերադարձին: