Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի վարչապետին առընթեր Տնտեսական վերելքի ծրագրի նախարար, Օ դը Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, ողջունելով հյուրերին` վարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Պատրիկ Դեւեջյանին Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործին բերած մեծ ավանդի համար: Խոսելով կրթական ոլորտում ծավալված համագործակցությունից` նա բարձր է գնահատել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողների ուսումնական պրակտիկայի անցկացումն Օ-դը-Սեն դեպարտամենտի ձեռնարկություններում:
Տիգրան Սարգսյանը եւ Պատրիկ Դեւեջյանը քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցության ընթացքը եւ հեռանկարները: Առանձնակի ուշադրության է արժանացել «Տավուշ–2012» ծրագիրը, որն իրականացվում է Օ դը Սեն դեպարտամենտի կողմից «Հայաստան համահայկական հիմնադրամին» հատկացված դրամաշնորհներով: Ծրագրով նախատեսվում է ոռոգման համակարգերի վերականգնում եւ կառուցում, կաթնամթերման կայանի եւ ժամանակակից գյուղատնտեսական սարքավորումների բազայի ստեղծում: Ֆրանսիայի Տնտեսական վերելքի ծրագրի նախարարը նշել է, որ ծրագիրը կնպաստի սահմանամերձ շրջաններում բնակչության կենսապայմանների բարելավմանը եւ աղքատության կրճատմանը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ տարածքների համաչափ զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է:
Հյուրի խնդրանքով վարչապետը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը: Տիգրան Սարգսյանը որպես առաջնահերթություններ կարեւորել է գյուղական շրջանների, օրգանիկ գյուղատնտեսության եւ գյուղական զբոսաշրջության զարգացումը: Անդրադարձ է արվել գյուղական շրջաններում ճանապարհաշինության ծրագրերին, մասնավորապես «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի համալիր ծրագրին: