21 մայիսի 2010 - 17:38 AMT
Թուրքիայի շահերը տարածվում են Կովկասից մինչև Մերձավոր Արևելք

Թուրքիան լիարժեք ձևավորված տարածաշրջանային պետություն է, որի շահերը տարածվում են Կովկասից մինչև Բալկաններ ու Մերձավոր Արևելք: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցի ընթացքում ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Նրա խոսքերի համաձայն, նեոիսլամիզմը, որով զինվել է Արդարություն և զարգացում կուսակցությունը, ավանդական իսլամիզմից տարբերվում է այն բանով, որ նախընտրում է «փափուկ ուժը»: «Դա դիվանագիտությունն է, տնտեսությունը, դեպի Եվրոպա ձգտումը: Պետք է նշել նաև, որ Թուրքիան Արևմուտքի համար միանգամայն կանխատեսելի գործընկեր է: Ավելին, երկրի շահավետ տարանցիկ դիրքն ազդում է ոչ միայն գազատարների, այլև դիվանագիտության վրա և, իհարկե, իսլամիզմը, որ մերձեցնում է Թուրքիային մահմեդական աշխարհի հետ», - ասել է քաղաքագետը:

Տարածաշրջանային ուժերի մասին խոսելով, Սերգեյ Մարկեդոնովն ասել է, որ Առանց Իրանի ԱՄՆ-ն չի կարող լուծել Իրաքի և Աֆղանստանի հիմնախնդիրները: «ԱՄՆ-ի և Իրանի շահերը Աֆղանստանում միանգամայն համընկնում են: Իրանը նույնպես կարող է նվազագույնի հասցնել իսլամական արմատականությունը», - ընդգծել է նա: