«Հետևելով ընտրություններին Լեռնային Ղարաբաղի շատ ընտրատեղամասերում` ես, որպես շատ երկրներում, այդ թվում ԵՄ երկրներում, ընտրություններին հետևած մարդ, կարող եմ նշել, որ տեղի ունեցած ընտրությունները համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին»,- հայտարարել է Ռուսաստանի դիտորդական առաքելության ներկայացուցիչ Իգոր Չերնիշենկոն: Նրա խոսքերով, երեկվա ամենագլխավոր արդյունքն այն էր, որ Ղարաբաղի ընտրողները լավ գիտեն ընտրական գործընթացը և ինչպես դիտորդների, այնպես էլ ընտրողների հետ զրույցի ժամանակ պարզ է դարձել, որ նրանք բողոք չեն ունեցել և շատ բարյացակամ են վերաբերվում ընտրություններին:
«Նախնական տվյալները հնարավորություն են տալիս արձանագրել ընտրությունների կազմակերպման բարձր մակարդակը: Մենք հույս ենք հայտնում, որ նոր խորհրդարանն իր ներդրումը կունենա երիտասարդ պետության զարգացման գործում և կապահովի նրա ապագա կարգավիճակի ձեռքբերումը»,- ասել է Չերնիշենկոն PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում: