25 մայիսի 2010 - 19:52 AMT
Արմեն Ռուստամյան. Պատշաճ աշխատանքի դեպքում կարելի էր կասեցնել Եվրախորհրդարանի բանաձևը Ղարաբաղի վերաբերյալ

Ղարաբաղի գծով Եվրախորհրդարանի բանաձևի առաջին պատճառն այն է, որ հայկական կողմը բավական ակտիվ չպայքարեց Եվգենի Կիրիլովին զեկուցող նշանակելու դեմ: «Ես ի սկզբանե ծանոթ էի բանաձևի տեքստին: Այդ առիթով մենք նամակ հղեցինք սոցիալիստների խմբակցության նախագահին Եվրախորհրդարանում: Մեր աշխատանքի արդյունքում հաջողվեց հասնել նրան, որ զեկույցից հանվեցին որոշ` հայկական կողմի համար բացասական, դրույթներ: Սակայն, մենք տեսնում ենք, որ բանաձևում այնուամենայնիվ կան կետեր, որոնք խեղաթյուրում են իրականությունը»,-հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը խորհրդարանի փոխխոսնակ Սամվել Նիկոյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Ըստ Ռուստամյանի, հայկական կողմը պետք է պատվիրակություն գործուղի Եվրախորհրդարան, որը կներկայացնի Հայաստանի դիրքորոշումն այս բանաձևի վերաբերյալ: »Եվրախորհրդարանը պետք է հասկանա, որ նման բանաձևը վնասում է իր իսկ հեղինակությանը»,-նշել է Ռուստամյանը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, հնարավոր էր արդյոք կասեցնել բանաձևի ընդունումը` Ա.Ռուստամյանը նշել է. «Ես կարծում եմ, որ բավական ջանք գործադրելու դեպքում, հնարավոր կլիներ կասեցնել այդ բանաձևը»: Իր հերթին Ս.Նիկոյանը նշել է, որ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ղարաբաղյան խնդիրը քննարկման առարկա չլինի տարբեր միջխորհրդարանական ձևաչափերում: «Քանի որ այդ կառույցների ներկայացուցիչները հիմնականում իրազեկ չեն ԼՂՀ խնդրին, իսկ Ադրբեջանը կարողանում է օգագործել նման լսարանների զգացմունքները»,-ասել է նա: