Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 25-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Կողմերը գոհունակությամբ նշել են, որ վերջին տասնամյակում զգալի առաջընթաց է արձանագրվել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում` ապահովելով ակտիվ երկխոսություն ռազմաքաղաքական ոլորտում: Հատկապես հաջողված են համարվել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը, Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացումը և Հայաստանի ընդլայնվող մասնակցությունը ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ գործողություններին:
ՀՀ նախագահն ասել է, որ Հայաստանը հետևողականորեն շարունակելու է փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկեր պետությունների հետ համագործակցության օրակարգում ներառված բնագավառներում, ինչպիսիք են` միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, սահմանների պաշտպանությունն ու կառավարումը, խաղաղապահ առաքելությունը և այլն: Նախագահ Սարգսյանն ընդգծել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների գործին Դաշինքի կողմից ցուցաբերվող օժանդակության արդյունավետությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլի շուրջ, նաև խոսել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման կասեցված գործընթացի մասին: ՀՀ նախագահը նշել է, որ նախապայմաններ թելադրելով և պայմանավորված ժամկետները խախտելով` Թուրքիան վատնել է իր` որպես բանակցային գործընկերոջ վստահության պաշարը: Այս մասին հաղորդել է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: