26 մայիսի 2010 - 10:51 AMT
Մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումների դեմ պայքարը կխթանի օտարերկրյա ներդրումները Հայաստանում

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացավ Մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումների դեմ պայքարն ուժեղացնելու և դրա իրականացումը համակարգելու նպատակով կազմված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը` հանձնաժողովի նախագահ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Միջոցառմանը ներկա էր Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության իրավունքի գծով խորհրդատու Ա. Կայես-Սանչեսը:

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին օրակարգում ընդգրկված կեղծարարությանն ու հենությանն առնչվող հարցեր:

Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, իր խոսքում կարևորելով Մտավոր սեփականության պաշտպանության մակարդակի բարձրացումը, շեշտեց, որ այն նաև կնպաստի միջազգային ասպարեզում երկրի դրական իմիջը ձևավորելու, երկրի նկատմամբ վստահություն ձեռք բերելու և ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ հնարավոր բանակցային գործընթացին:

«Մտավոր սեփականության բնագավառում իրավախախտումների դեմ պայքարն ուժեղացնելու և դրա իրականացումը համակարգելու նպատակով կազմված միջգերատեսչական հանձնաժողովն այսօր կատարեց կարևոր քայլեր, որպեսզի մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության համապարփակ համակարգի ձևավորումը դառնա գերակայություն: Սա կօժանդակի օտարերկրյա ներդրումների հանար բարենպաստ միջավայրի ստեղծմանը և կկանխի առողջական խնդիրների առաջացումը կեղծված սննդամթերքի և դեղորայքի պատճառով»,- նշեց մտավոր սեփականության իրավունքի գծով խորհրդատու Ա. Կայես-Սանչեսը: