26 մայիսի 2010 - 13:18 AMT
Վարդան Մինասյան. Ես գոհ եմ Ուզբեկստանի հետ խաղի հաշվից, սակայն առջևում մենք դեռ շատ անելիք ունենք

Ընկերական հանդիպումը Հայաստանի և Ուզբեկստանի ֆուտբոլի հավաքականների միջև, որը տեղի ունեցավ մայիսի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, ավարտվեց հայ ֆուտբոլիստների հաղթանակով` 3:1 հաշվով: Առաջին գնդակը խփեց Հենրիկ Մխիթարյանը, իսկ Էդգար Մանուչարյանը դարձավ կրկնակի գոլի հեղինակ: Հյուրերի թվում աչքի ընկավ Ալեքասնդր Հենրիխը:

Խաղից հետո ՀՀ հավաքականի գլխավոր մազրիչ Վարդան Մինասյանը, որի ղեկավարությամբ հավաքականն իր առաջին խաղն անցկացրեց, ասել է, որ գոհ է խաղից: «Առաջին խաղակեսում մենք գերազանց խաղացինք, սակայն երկրորդ խաղակեսում ինչ-որ բան չստացվեց: Այսօրվա դրությամբ մեզ համար կարևոր է խաղի արդյունքը, սակայն առջևում մենք դեռ շատ աշխատանք ունենք»,-ասել է Մինասյանը:

Հավաքականի կազմում առաջին անգամ խաղաց Արտակ Եդիգարյանը: Գլխավոր մարզիչը գոհ է նրա խաղից, սակայն, գտնում է, որ նա մի քանի սխալ է թույլ տվել: «6-7 հիմնական խաղացողներ բացակայում էին: Աղվան Մկրտչյանն ու Լևոն Հայրապետյանը վնասվածքներ են ստացել և Արտակը փոխարինեց նրանց այս խաղում: Կարծում, վատ չէր»:

Իսկ, ըստ Ուզբեկստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վադիմ Աբրամովի, Հայաստանի հավաքականն առաջին իսկ պահից նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց: «Մեր հավաքականում շատ են նոր ֆուտբոլիստները, լեգիոներներն այս խաղին չեն մասնակցել: Անշուշտ, ես դժգոհ եմ ինչպես հաշվից, այնպես էլ խաղից, սակայն դեռ սխալները շտկելու ժամանակ կա»,-ասել է Աբրամովը: