Շուրջ 4 հազար համակարգիչ է վաճառվել Հայաստանում «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի փորձնական մասի շրջանակներում` 2010թ. առաջին երեք ամսում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունում:
Ծրագիրն արդեն իսկ ազդել է Հայաստանում համակարգչից օգտվողների քանակի վրա: Ըստ ինտերնետի ու համակարգչային տեխնիկայի օգտագործման ուսումնասիրության նախնական տվյալների, համակարգչից օգտվողների թիվը կազմել է 18 տոկոս, ինչը երեք անգամ գերազանցում է Հայաստան համակարգչային տեխնիկայի ներթափանցման վերջին ցուցանիշը (6 տոկոս): «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը նախատեսում է հետազոտությունն անցկացնել առաջիկա ամիսներին:
«Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը իրականացնում է ՀՀ կառավարությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Hewlett-Packard և Microsoft կորպորացիաները` «Յունիքոմփ» և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի աջակցությամբ: «Համակարգիչ բոլորի համար» փորձնական ծրագիրը մեկնարկել է անցյալ տարվա սեպտեմբերի 22-ին: Ծրագրի շրջանակներում, որի համար նախատեսվում է հատկացնել 5-7 մլն դոլար, բնակչությունը հնարավորություն ստացավ համակարգիչներ ձեռք բերել շուկայական գներով: Ծրագրի հիմնական նպատակն է երկրի տնային տնտեսությունների համակարգչայնացման մակարդակը բարձրացնել 6-ից մինչև 30 տոկոս:
HP համակարգիչների 7 մոդելներ, որոնցից 6-ը նոութբուքեր են, հասանելի են հայ սպառողի համար Երևանի 4, Վանաձորի 2 և Գյումրիի 1 խանութներում: