31 մայիսի 2010 - 18:17 AMT
Գեներալ Աշկենազի. Նավատորմի թուրքական նավի անձնակազմը ոչ մի կապ չուներ «հումանիտար գործողության» հետ

Իսրայելի պաշտպանության նախարար Եհուդ Բարաքը և Գլխավոր շտաբի պետ Գաբի Աշկենազին համատեղ մամլո ասուլիս են տվել Գազա մեկնող «Ազատության նավատորմի» նավերի վրա գիշերային հարձակման կապակցությամբ: Ըստ Աշկենազիի, ողջ պատասխանատվությունը կրում են ապօրինի հումանիտար ակցիայի կազմակերպիչներն ու մասնակիցները:

«Իսրայելի կառավարությունը բազմիցս է առաջարկել կազմակերպիչներին բեռնաթափել հումանիտար բեռը Աշդոդի նավահանգստում և անվտանգության ծառայության ստուգումից հետո, փոխանցել այն Գազային: Բոլոր առաջարկները մերժվեցին»,-ասել է Բարաքը` հավելելով, որ զինվորները ստիպված են եղել զենք կիրառել միայն այն բանից հետո, երբ իրենց կյանքին անմիջական վտանգ է սպառնացել:

Ընդ որում և Բարաքը, և Աշկենազին ընգծեցին, որ բախումները տեղի են ունեցել վեց նավերից միայն մեկի վրա: Այդ Mavi Marmara, նավի ուղևորությունը կազմակերպել էր IHH ծայրահեղական կազմակերպությունը:

Գեներալ Աշկենազին նշել է նաև, որ նավատորմի թուրքական նավի անձնակազմը ոչ մի կապ չուներ «հումանիտար գործողության» հետ: Ըստ նրա, նավի բռնագրավման ընթացքում վիրավորվեց 10 իսրայելցի զինվոր, նրանց մի մասը` հրազենից: