Հհունիսի 1-ին Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն իր հավատարմագրերը հանձնեց Քուվեյթի Պետության Էմիր շեյխ Սաբաh ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահին:
Դեսպան Չարչօղլյանը Քուվեյթի Պետության Էմիրին, կառավարությանն ու Քուվեյթի ժողովրդին փոխանցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարեմաղթանքներն ու լավագույն ցանկությունները:
Արարողությանը հաջորդած կարճատև զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման հեռանկարներին: Վերահաստատելով Քուվեյթի Պետության էմիրին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Երևան այցելության հրավերը` Ֆադեյ Չարչօղլյանը նշեց, որ այն մեծ ներդրում կունենա երկու պետությունների միջև հարաբերություններում լուրջ առաջընթաց արձանագրելու համար:
Հանդիպման վերջում քննարկվեցին երկկողմ և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: