3 հունիսի 2010 - 13:37 AMT
Հրաչ Բերբերյան. Կարտոֆիլի գինը Հայաստանում 2010թ. կբարձրանա 30 տոկոսով

Կարտոֆիլի գինը Հայաստանում ընթացիկ տարում կբարձրանա 30 տոկոսով, քանի որ ցանքատարածությունները Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Արարատյան դաշտավայրում կրճատվել են 30 տոկոսով: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: «Ընթացիկ տարում սերմերը գրեթե չեն նորացվել, հանրապետություն է ներկրվել 800-1000 տոննա սերմ, ինչը պահանջարկի ընդամենը 10 տոկոսն է կազմում»,-ասել է նա: Ըստ նախագահի, ֆերմերները, որոնք փորձել են էլիտար սերմացու ներկրել, խոչընդոտների են հանդիպել գյուղատնտեսության նախարարության կողմից, քանի որ եվրոպական չափանիշի հավաստագրերը, որոնք Հայաստանը պարտավորվել է որպես հիմք ընդունել, այսօրվա դրությամբ կասկածի տակ են դրվում, իսկ սահմանում պահանջում են նոր ստուգում կատարել: Ընդ որում, սերմի յուրաքանչյուր տեսակ ներմուծելու համար գյուղացիները ստիպված են եղել 15 հազար դրամ վճարել:

Իր հերթին Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն ասել է, որ ընթացիկ տարվա մայիսին կարտոֆիլի ամենաբարձր գինը եղել է 170 դրամ: 2010թ. մայիսին բանջարեղենի գները 2009-ի մայիսի համեմատ աճել են 11,1 տոկոսով, իսկ ընթացիկ տարվա ապրիլի համեմատ`10,4 տոկոսով: Միևնույն ժամանակ մայիսին ապրիլի համեմատ կարտոֆիլի գինն աճել է 47,2 տոկոսով: Բացի այդ, կանաչ բիբարի գինն աճել է 9,9 տոկոսով, բազուկինը` 21,7 տոկոսով, կաղամբինը` 33,2 տոկոսով, գազարինը` 73,5 տոկոսով: «Ընդ որում չի կարելի չնշել, որ վարունգի գինը նվազել է 61.7 տոկոսով, լոլիկինը` 15,7 տոկոսով, սոխինը` 4,8 տոկոսով, կանաչիի գինը` 4-4,5 տոկոսով»,-հավելել է նա: