Իսրայելի ափերի մոտ տեղի ունեցած միջադեպից երեք օր անց Իսրայելը վերջապես լսեց պաշտպանության առաջին խոսքերը: Արևմուտքի առաջին ողջամիտ քաղաքական գործիչը, որն ընդունակ է լսել խոսքերը, որոնցով Իսրայելը համառ և համբերատար կերպով բացատրում է իր գործողությունները, այլ ոչ միայն փողոցի ամբոխի աղաղակը, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն է, գրում է ZMAN.com-ը:
Այն ժամանակ, երբ Օբաման և Քլինթոնը զգուշավոր ձևակերպումներ են որոնում, թե ինչպես դատապարտեն Իսրայելին առանց ամերիկյան հրեաների հետ կոնֆլիկտի մեջ մտնելու, և ինչպես օգտագործեն պատահածն Իսրայելին պաղեստինցիների հետ բանակցություններում ավելի զիջող դարձնելու համար, Բայդենն իրեն այլ կերպ պահեց: Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, նա համարյա կրկնեց այն, ինչ ասել էր իր ելույթում Բինյամին Նեթանյահուն. «Ինչո՞ւմն է բանը: Իսրայելը զգուշացրել էր, որ նավատորմը չի թողնելու Գազայի հատված, բայց պատրաստակամություն էր հայտնել մարդասիրական բեռը փոխանցել Գազային»:
«Իսրայելն իրավունք ունի պաշտպանել իրեն և իր կենսական շահերը: Իսրայելն իրավունք ունի չթողնել նավատորմը Գազայի հատված»,- հայտարարել է Բայդենը: Անդրադառնալով Գազայում «մարդասիրական ճգնաժամին», նա ասել է. «եթե այն տեղ ունի, ՀԱՄԱԶ-ը դրա համար պատասխանատվություն է կրում»:
Բայդենն ավելի շատ, քան որևէ մեկն ԱՄՆ իշխանության կառույցներում, Իսրայելից նեղանալու հիմքեր ունի: Հենց Իսրայել նրա այցի ժամանակ որոշում ընդունվեց Երուսաղեմում նոր թաղամաս կառուցելու մասին, ինչը շատերը գնահատեցին որպես վիրավորական ժեստ նրա հասցեին: Սակայն ներկա իրավիճակում Բայդենն իրեն ազնիվ պահեց: Ինչը չի կարելի ասել Օբամայի, Սարկոզիի և նույնիսկ Կամերոնի մասին: Եթե նա ինչ-որ կերպ վրեժխնդիր է եղել Իսրայելից, ապա շատ քիչ և շատ նուրբ: Իր ելույթի վերջում Բայդենն ավելացրել է, որ Իսրայելը պետք է թույլ տա շինանյութ տեղափոխել Գազա: