4 հունիսի 2010 - 13:59 AMT
Այս տարի Երևանում տեղի կունենա «Ռոբոտների համակարգչային սիմուլյացիա» մրցույթը

Այս տարի նախատեսվում է անցկացնել նաև «Ռոբոտների համակարգչային սիմուլյացիա» մրցույթը, ինչպես նաև տեղի կունենան ռոբոտների ցուցադրություններ Երևանի տարբեր հատվածներում, ՀՀ մարզերում: Ցուցադրություններին կմասնակցեն նախորդ մրցույթներին մասնակցած ռոբոտները, կներկայացվեն ռոբոտոտեխնիկային վերաբերող միջազգային մրցույթների մասին պատմող ֆիլմեր: Համալսարաններում և դպրոցներում կանցկացվեն նաև տեղեկատվական սեմինարներ, PanARMENIAN.Net-ին հայտնել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մամլո ծառայությունը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ՏՏՁՄ) 2008թ.-ից է սկսել կազմակերպել Հայաստանի Ռոբոտների բաց առաջնությունը /ArmRobotics/, որի նպատակն է համախմբել երիտասարդ գիտնականներին, ներգրավել սփյուռքի գիտական ներուժը, երիտասարդների մոտ զարգացնել թիմային մտածելակերպը և աշխատանքը, խթանել նոր տեխնոլոգիաների մուտքը Հայաստան: