Հունիսի 4-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշն ինք.» ամերիկյան կազմակերպության հայկական գրասենյակի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:
Հուշագիրը ստորագրեցին ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը և «Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշն ինք.» ամերիկյան կազմակերպության հայկական գրասենյակի ներկայացուցիչ Իրինա Սաղոյանը:
«Կրթության և գիտության նախարարությունն իր ընդհանուր քաղաքականության համատեքստում համագործակցում է տարբեր ընկերությունների հետ, որոնց գործողություններն ուղղված են երիտասարդ սերնդի զարգացմանը և դաստիարակությանը: Նորանկախ հանրապետության համար դա կարևոր խնդիր է», - ասել է Արա Ավետիսյանը:
Նրա խոսքերով, այս համագործակցությունն ուղղված է երիտասարդ սերնդի պաշտպանությանը, տեղեկացվածությանը և օրենսդրության համակարգմանը:
«Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագիրը կտևի երեք տարի: Իրինա Սաղոյանն իր հերթին նշեց, որ հույս ունի, որ երեք տարի անց հանրությանը կհայտնեն ծրագրի հաջողությունների և համագործակցության բեղմնավոր արդյունքների մասին: