Արմավիրի, Արարատի և Արագածոտնի որոշ ջերմոցային տնտեսություններում Հայաստանի Սպառողների ազգային ասոցիացիայի (ՍԱԱ) կողմից կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ խախտվում են բանջարեղենում ու մրգերում թունաքիմիկատների պահպանման նորմերը: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է հայտնել ՍԱԱ փորձագետ Լևոն Աճեմյանը: Նրա խոսքով, թունաքիմիկատներ պարունակող դեղորայքը Հայաստանում չի հսկվում: «Բույսերի ցողման և շուկայում բերքի մատակարարման միջև պետք է երեքից յոթ օր անցնի, բայց հաճախ հաջորդ իսկ օրը բերքը հավաքվում և վաճառվում է»,- ասել է նա:
ՍԱԱ մեկ այլ փորձագետ Մելիտա Արիստակեսյանն իր հերթին հաղորդել է, որ Հայաստանում աճեցված մրգերն ու բանջարեղենն անվնաս են ի տարբերություն երկիր ներկրվող ապրանքների: «Ներկրված մրգերն ու բանջարեղենը տրանսգենային մթերք են և հետագայում կարող են անդրադառնալ մեր երեխաների առողջության վրա: Հայաստանում դրանց ստուգման համար լաբորատորիաներ չկան, և մեր Ասոցիացիան պահանջ է ներկայացրել, որպեսզի մաքսատանն այդ մթերքի վրա մեծ տառերով գրվի դրանց տրանսգենային ծագման մասին»,- նշել է նա: