4 հունիսի 2010 - 20:16 AMT
Հունիսի 4-ին կայացավ Տիգրան Խզմալյանի «Տիգրանակերտ» փաստագրական ֆիլմի պրեմիերան

Հունիսի 4-ին տեղի ունեցավ Տիգրան Խզմալյանի «Տիգրանակերտ» փաստագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմին քիչ մարդիկ էին ներկա, քանի որ, Խզմալյանի խոսքով, ինքը չէր հասցրել մեծ գովազդային քարոզարշավ կազմակերպել:

«Ես ինքս շատ բան իմացա այս ֆիլմը պատրաստելիս, և դրա պատճառով է, որ ֆիլմն ինքնին հետաքրքիր է ստացվել: Հայաստանը անցյալում, ներկայում և ապագայում Տիգրանակերտ է, քանի որ Տիգրանակերտ տառացիորեն նշանակում է Տիգրանի կողմից կերտված: Հենց Տիգրան Մեծի օրոք էր, որ Հայաստանը ներկայացավ որպես քաղաքական գործոն»,- ասել է Խզմալյանը` ավելացնելով, որ պեղումների արդյունքում Տիգրանակերտի հայտնաբերման փաստը արցախյան հաղթանակի կարևորագույն արդյունքներից մեկն է:

Ֆիլմը նկարահանվել է 1,5 տարվա ընթացքում` հիմնականում Արցախում: Բնագիրը հայերեն լեզվով է, բայց մինչև տարվա վերջ ֆիլմը կթարգմանվի նաև ռուսերեն ու անգլերեն: Այն նվիրված է Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակին: