8 հունիսի 2010 - 18:06 AMT
IFC-ն աջակցում է հետճգնաժամային շրջանում Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության խթանմանը

Միջազգային ֆինանսական ընկերակցությունը (IFC) «Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի» հետ համագործակցությամբ, տեղական բանկերի և վարկային կազմակերպությունների համար հունիսի 8-ին Երևանում անց է կացնում սեմինար-քննարկում` նվիրված ճգնաժամի մեղմանն ուղղված ռազմավարություններին և ռիսկերի կանխարգելմանը: Այդ մասին ասվում է IFC երևանյան գրասենյակի կողմից PanARMENIAN.Net-ին տրամադրված հաղորդագրության մեջ:

Հայաստանյան բանկերի ու վարկային կազմակերպությունների խորհուրդների մոտ 20 անդամ և Կենտրոնական բանկի ու Հայաստանի Հանրապետության կառավարության մի քանի ներկայացուցիչ կմասնակեցեն սեմինար-քննարկմանը: «Խիստ կարևոր է, որպեսզի բարձրագույն ղեկավարները կարողանան կայացնել արագ, մասնագիտական և տեղեկությունների վրա հիմնված որոշումներ, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ ֆինանսական հաստատությունների գործառնությունների վրա»,- ասել է IFC տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լյուբեքը: