ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Հայ-քաթարական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանը հունիսի 11-ին ընդունեց Հայաստանում Քաթարի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իբրահիմ Աբդ ալ Ռահման ալ Մեղաիսիբիին (նստավայրը` Թեհրան):
Հանդիպման ժամանակ փոխվարչապետը նշեց, որ հայկական կողմը հետաքրքրված է Քաթարի հետ հարաբերությունների խորացմամբ և կարևորեց միջկառավարական հանձնաժողովի դերն այդ հարցում: Արմեն Գևորգյանն անդրադարձավ Քաթարի Պետություն կատարած իր վերջին այցելությանը` այն համարելով արդյունավետ և նշելով, որ Քաթարի էմիր շեյխ Համադ բեն Խալիֆ ալ Թանիի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ծրագրված` տարածաշրջանային նշանակության խոշոր նախագծերին քաթարական կողմի մասնակցության, ինչպես նաև մինչև տարեվերջ միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի անցկացման հետ կապված հարցեր:
Դեսպանն իր հերթին նկատեց, որ Քաթարը Հայաստանում ներդրումներ կատարելու մեծ հնարավորություններ ունի, իսկ ներդրումների ներգրավման տեսակետից Հայաստանը հետաքրքիր և գրավիչ համարեց: Նա կարևորեց հայկական կողմից այդ նպատակով գործնական քայլերի իրականացումը, ինչպես նաև նշեց իր երկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություն ունենալու, Հայաստանի հետ ուղիղ օդային կապ հաստատելու անհրաժեշտության մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման հետ կապված հարցեր: Դեսպանն առաջարկեց այն անցկացնել Դոհայում, հաղորդում է Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: