12 հունիսի 2010 - 13:59 AMT
Գազայի միջադեպը շեղեց Թուրքիայի ուշադրությունը ղարաբաղյան հակամարտությունից

Թուրքիան, հիասթափված լինելով ԵՄ-ին անդամակցության գործընթացով, փորձում է դրսևորել իրեն որպես իսլամական աշխարհի առաջատար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպը հասարակ սադրանք էր: Վերջին օրերին կրքերն այդ բախման շուրջ շատ էին բորբոքվել, սակայն, այսօր, և Իսրայելը, և Թուրքիան փորձում են մեղմացնել իրավիճակը: Սակայն խնդիրը նրանում է, որ երկու ժողովրդները ատում են միմյանց և այդ ատելությունը գնալով ուժեղանում է», ասել է նա:

Քաղաքագետը չի բացառել, որ Հայոց ցեղասպանության հարցը կարող է Թուրքիայի գլխավերևում կախված մահակ դառնալ, և ընդգծել է, որ բոլոր երկրները, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, փորձում էին լուծել իրենց խնդիրները Թուրքիայի հետ: Ըստ նրա, Գազայի միջադեպը շեղեց Թուրքիայի ուշադրությունը ղարաբաղյան հակամարտությունից և նոր տարաձայնություններ առաջացրեց Թուրքիայի ու Ադրբեջանի միջև, որը չի ցանկանում վատացնել իր հարաբերություններն Իսրայելի հետ: Լևոն Մելիք-Շահնազարյանը հանրության ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ Իսրայելը փորձում է մղել Թուրքիայի քրդերին նոր ապստամբության, դիվերսիոն գործողությունների թուրքական բանակի հանդեպ: «Սա շատ վտանգավոր է մեզ համար, քանի որ, եթե մեր հարավ-արևմտյան սահմանում պատերազմ սկսվի, դա ձեռնատու չի լինի երկրներից ոչ մեկի համար»,-ասել է քաղաքագետը: