12 հունիսի 2010 - 14:06 AMT
Թուրքիայի կրթության նախարարը դիպլոմներ է հանձնել Ստամբուլի հայ աշակերտներին

Թուրքիայի ազգային փոքրամասնությունների դպրոցներն, որոնք գտնվում են 1923թ. Լոզանի պայմանագրի պաշտպանության տակ, զգալի ավանդ ունեն Թուրքիայի կյանքում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի կրթության նախարար Նիմեթ Չուբուկչուն` ելույթ ունենալով հայկական մանկապարտեզի, 14 հայկական տարրական դպրոցների և 5 միջնակարգ դպրոցների շրջանավարտների ավարտական հանդեսի ժամանակ: Արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլի Կումկապի շրջանի Kazaz Amira Salon-ում և սկսվել է Թուրքիայի օրհներգի կատարումից:

«Ընդհանուր առմամբ 22 հայկական դպրոց է հաճախում 2 633 հայ աշակերտ: Ազգային փոքրամասնությունների դպրոցներն անթերի են կատարում իրենց պարտականությունները կրթության և մասնագիտական նախապատրաստման ոլորտում: Մենք գիտենք, որ որոշ խնդիրներ գոյություն ունեն այդ դպրոցներում, սակայն կրթության նախարարությունը միջոցներ է ձեռնարկել և համագործակցում է դպրոցների ղեկավարության հետ: Դա արվել է Թուրքիայի յուրաքանչյուր դպրոցում, այդ թվում նաև ազգային փոքրամասնությունների դպրոցներում»,-ասել է Չուբուկչուն:

Ըստ նրա, մոտ ապագայում պատրաստ կլինեն հայ աշակերտների համար նախատեսված դասագրքերը, դրանք կտպագրվեն կրթության միջոցներով և անվճար կբաժանվեն դպրոցներին: Նա ասաց նաև, որ հայկական դպրոցների շաբաթական ծրագրերը վերսկսվեցին դպրոցների ղեկավարության հետ համակարգված աշխատանքի շնորհիվ: Հայկական դպրոցներում դասատուների պակասը լրացնելու համար, ըստ նախարարի, թեկնածուներին հնարավորություն կտրվի 30 դասաժամ անցկացնել որոկավորման բարձրացման նպատակով:

Մինչդեռ, ծնողներից մեկը` Արզու Ուզումջուն բողոք է հայտնել վերջին քննությունների դեմ` հայտարարելով, թե իր երեխաները դրանց զոհն են դարձել: Նա ցանկացել է անձամբ նամակը հանձնել նախարարին, սակայն անվտանգության աշխատակիցները դուրս են բերել նրան դահլիճից: Մյուս ծնողները պարզաբանել են մամուլի ններկայացուցիչներին, որ քննությունների ժամանա խառնաշփոթ է տեղի ունեցել` երեխաները ստացել են երկու լեզվով պատասխանների տարբերակներ և կարող էին պատասխանները գրել ցանկացած լեզվով: Ծնողներից շատերը բողոքել են, որ այդ մեթոդը խառնաշփոթ է առաջացնում և քննություններում սխալների քանակի ավելացման պատճառ է դառնում, հաղորդում է Anatolia News Agency-ի գործակալությունը: