14 հունիսի 2010 - 17:38 AMT
Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի վնասված հատվածի վերանորոգման աշխատանքները կավարտվեն հուլիսի վերջին

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն օրերս աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում եւ տեղում ծանոթացել Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի վնասված հատվածի վերանորոգման աշխատանքներին:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Լճաշեն գյուղի հատվածում Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով մոտ 2,5 կիլոմետրանոց ճանապարհը վնասվել էր եւ մնացել ջրի տակ: Նախարար Մ.Վարդանյանին ճանապարհաշինարարները տեղեկացրել են, որ անցած տարի պետական բյուջեի միջոցներով ճանապարհի այդ հատվածում կատարվել են հողային աշխատանքներ եւ կառուցվել է գաբիոնի հենապատ:

Ներկայումս ճանապարհի հողային աշխատանքները շարունակվում են եւ մինչեւ այս ամսվա վերջ կավարտվեն, որից հետո կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները: Շինարարական աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն հուլիսի վերջին եւ արդյունքում միջպետական ճանապարհի այդ հատվածը նախատեսվում է բարձրացնել մոտ 3 մետրով` ճանապարհը դարձնելով երթեւեկելի:

Նշենք, որ տեղում կայացած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, Համաշխարհային բանկի` ճանապարհածածկի ստանդարտների գծով ամերիկահայ փորձագետ, պրոֆեսոր Սերժի Ամիրխանյանը, “Հայջրնախագիծ” եւ “Ճաննախագիծ” ինստիտուտների մասնագետները, ճանապարհաշինարարները, քննարկվել են ճանապարհի նախագծմանը, շինաշխատնքների ընթացքին ու որակին առնչվող հարցեր, հայտնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո ծառայությունը: