16 հունիսի 2010 - 12:18 AMT
Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևն արդեն պաշտպանում են 143 կոնգրեսականներ

Կալիֆորնիայից կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է տարածել ԱՄՆ Կոնգրեսում, որում կոչ է անում գործընկերներին ընդունել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը: Շիֆի ուղերձում նշվում է, որ անհրաժեշտ է հարգանքի տուրք մատուցել զոհերին, և Օսմանյան կայսրությունում մեկուկես միլիոն հայերի սպանությունն անվանել Ցեղասպանություն:

«Չափազանց երկար է ԱՄՆ-ն լսել Թուրքիայի սպառնալիքներն և շանտաժը: Սակայն երկկողմանի հարաբերությունների պահպանումը չի կարող փոխարինել մեր բարոյական պարտքը, որի էությունը մահացածների հիշատակը հավերժացնելու և նրանց սերունդներին սփոփելու մեջ է, որոնք մեր ընտրողներն են և որոնք գտնում են, որ Հայոց ցեղասպանությունը եղել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»,- գրում է Շիֆը:

Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին կոնգրեսականի գրասենյակը, բանաձևի ընդունմանը կողմ են արդեն 143 կոնգրեսականներ:

«Հաշվի առնելով վերջին ժամանակներում Թուրքիայի պահվածքը` Կոնգրեսը պետք է արտահայտի իր դիրքորոշումը. պե՞տք է արդյոք շարունակենք անտեսել մահացածներին անհավատարիմ ընկերոջը հանգստացնելու համար: Հիմա եկել է ժամանակը, որպեսզի վերականգնենք մեր բարոյական առաջատարությունը ցեղասպանությունների դեմ պայքարում և հարգենք մեկուկես միլիոն անմեղ կանանց, երեխաների ու տղամարդկանց հիշատակը»,- ասել է Ադամ Շիֆը: