«Թուրքիայի կառավարությունն ընդունել է հակաիսրայելյան պատժամիջոցների փաթեթ, սակայն միևնույն ժամանակ խորհրդակցություններ են տեղի ունենում Թուրքիայի ու Իսրայելի ԱԳՆ-ների միջև` ճգնաժամից դուրս գալու ուղիներ գտնելու նպատակով »,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտուիթյան տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա, երկու պետություններին շատ բան է կապում, իսկ գլխավոր կապող օղակը ռազմական և ռազմավարական դաշինքն է: «Այն, ինչին մենք այժմ ականատես ենք լինում, Էրդողանի խաղն է` հիմնված Թուրքիայում առկա հակասեմիթական տրամադրությունների վրա: Սակայն, հարկ է ընդգծել, որ Թուրիքան և Իսրայլեը շրջապատող արաբական երկրները տանել չեն կարողանում թուրքերին ու հրեաներին, թուրքերին նույնիսկ ավելի շատ: Էրդողանը չի կարող չիմանալ դրա մասին, սակայն փորձում է իր խաղը խաղալ: Սակայն, ինչպես ես արդեն ասել եմ, դիվանագիտական հարաբերությունների ամբողջական խզում տեղի չի ունենա»,-ասել է Սաֆրաստյանը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը փորձում է որքան հնարավոր է ցավոտ հարված հասցնել բանակին` ամրապնդելու համար սեփական իշխանությունը 2011թ. ընտրություններից առջև: «Վերջերս թուրքական հետախուզության (MIT) ղեկավար նշանակվեց Հաքան Ֆիդանը, որը Էրդողանի մերձավոր շրջապատից է: Դա նշանակում է, որ MIT-ը, որը նախկինում Թուրքիայի Գլխավոր շտաբի ոչ հրապարակային հսկողության տակ էր, այսուհետ կվերահսկվի վարչապետի կողմից»,-ասել է թուրքագետը: