16 հունիսի 2010 - 14:47 AMT
Ադրբեջանը ձգտում է Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկման առարկա դարձնել բոլոր հնարավոր ատյաններում

Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովը դեռևս չի կայանում, քանի որ Եվրամիությունը Բելառուսի խորհրդարանը համարում է ոչ լեգիտիմ: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Եվրանեստը կազմված է լինելու 120 պատգամավորներից, որոնցից 60-ը լինելու են Եվրամիության պատգամավորները, իսկ 60-ը հավասարապես անդամ երկրներից`10-ական պատգամավոր ամեն մասնակից երկրից: Վեհաժողովն ունենալու է 4 հանձնաժողով, որտեղ առավելապես պետք է ուշադրություն դարձնել էներգետիկայի հարցերով հանձնաժողովին, որտեղ, հասկանալի պատճառներով, Ադրբեջանի դերը բարձր է գնահատվում: Սա Հայաստանի համար մարտահրավեր է»,-ասել է պատգամավորը:

«Մյուս մարտահրավերն այն է, որ Ադրբեջանը ձգտում է Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկման առարկա դարձնել սկսած ՄԱԿ-ից, մինչև Քանաքեռ-Զեյթունի ԲՇԳ, քանի որ որքան մի կառույցը մասնագիտանում է Լեռնային Ղարաբաղի հարցում, այդքան դա ձեռնատու չէ Ադրբեջանին: Այս խորհրդարանական վեհաժողովում հայկական կողմը ներկայացրել է առաջարկ, որպեսզի այն հարցը, որը որևէ երկիր համարում է կենսական, օրակարգում ընդգրկվի ոչ թե պարզ քվեարկությամբ, այլ բոլոր կողմերի համաձայնությամբ` կոնսենսուսով»,-ասել է Վահան Հովհաննիսյանը: