Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հարկավոր է իրականացնել լուրջ կադրային փոփոխություններ: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննսիյանը: «Դա վերաբերում է ոչ միայն երևանյան, գրասենյակի, այլ նաև աշխարհով մեկ սփռված դեսպանատների աշխատանքին, քանի որ ՀՀՇ-ի ժամանկներից ի վեր այնտեղ լուրջ փոփոխություններ չեն իրականացվել: Այս ամենի մասին մենք բարձրաձայնել ենք դեռևս Վարդան Օսկանյանի օրոք, սակայն ապարդյուն»,-ասել է նա:
Պատգամավորի խոսքերով, մեր դեսպանները իրենց առաքելությունն իրականացնելիս ունենում են դժվարություններ, պայմանավորված օբյեկտիվ պատճառներով, բայց դա երբեք չի կարող արդարացնել ձախողումները: Մեկնաբանելով Դաշնակցության կողմից ավելի վաղ հնչեցված իշխանափոխության անհրաժեշտության մասին գաղափարը` Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի ներքին կյանքի առողջացման համար երկրում անհրաժետ է իրականացնել իշխանափոխություն, բայց ոչ արտահերթ, այլ հերթական ընտրությունների միջոցով: