Վուդրո Վիլսոնի գիտության միջազգային կենտրոնը (WWC), չնայած դժգոհություններին, մտադիր է մրցանակը հանձնել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին:
Վերջերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի ենթակոմիտեի նախագահ, Նյու Յորքից ընտրված կոնգրեսական Հարրի Ակերմանը հանդես էր եկել Վուդրո Վիլսոնի անվան գիտության միջազգային կենտրոնի` մրցանակը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին հանձնելու մտադրության դեմ: WWC նախագահ և տնօրեն Լի Համիլթոնին ուղղված նամակում Ակերմանը գրել էր.«Ես խորապես մտահոգված եմ Վուդրո Վիլսոնի մրցանակը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին հանձնելու մտադրությամբ: Ես խորապես գիտակցում եմ համաշխարհային ասպարեզում առավել սերտ համագործակցության անհրաժեշտությունը և ողջունում եմ կենտրոնի աշխատանքն` ուղղված Ամերիկայի և այլ երկրների առաջնորդների կապերի ամրապնդմանը: Սակայն, ես վստահ եմ, որ ներկայումս Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի մեծարումն անհարիր է WWC առաքելության և նախագահ Վիլսոնի գաղափարների հետ: Դավութօղլուի գործողություններն ու հայտարարությունները հակասում են Վուդրո Վիլսոնի ժառանգությանը»: