Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունիսի 17-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի միջազգային անվտանգության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Լուկաշ Կուդլիցկու գլխավորած պատվիրակությանը:
Կարևորելով տարբեր ոլորտներում հայ-լեհական հարաբերությունների խորացումը` կողմերն ընդգծել են, որ երկու երկրների միջև անվտանգության, քաղաքական, ռազմական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա, որի օգտագործումը բխում է թե' Հայաստանի, թե' Լեհաստանի շահերից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի և Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի միջև համագործակցության խորացման հնարավորությունները: Կողմերը կարևորել են համագործակցության հուշագրի և 2010-2012 թվականների համագործակցության ծրագրի նախապատրաստումն ու ստորագրումը:
«Համագործակցության հուշագրի և հստակ ժամանակացույցով 2010-2012թթ. ծրագրի ստորագրումն ամուր հիմքերի վրա կդնի երկու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության պատրաստակամությունը»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:
Լուկաշ Կուդլիցկին Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզեյի անունից Արթուր Բաղդասարյանին հրավիրել է Լեհաստան, հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո ծառայությունը: