Ռուսական ուժային կառույցները ՀԱՊԿ հովանու ներքո մասնագետների խումբ են ձևավորում Ղրղզստանի հատուկ ծառայություններին այդ երկրում հունիսին տեղի ունեցած անկարգությունների հետաքննության գործում օգնելու համար, հաղորդել է ռուսական ուժային կառույցներից մեկի աղբյուրը: «Խմբի առջև խնդիր է դրված` ՀԱՊԿ այլ պետությունների հատուկ ծառայությունների հետ փոխգործակցության միջոցով հայտնաբերել այն անձանց, ովքեր մեղսակից են Ղրղզստանում զանգվածային անկարգությունների կազմակերպմանը: Այդ խմբի աշխատանքը վերահսկելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան»,- ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Բախումները տեղի են ունեցել ղրղզների և ուզբեկների միջև ազգային հակասությունների հողի վրա Օշ քաղաքում` Ղրղզստանի հարավում, իսկ հետո տարածվել են նաև Ջալալաբադի վրա: Նշված տարածքներում հանրապետության ժամանակավոր կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարել: Անկարգությունների մասնակիցներն այրում էին մեքենաները, կողոպտում խանութները, շուկաները, ինչպես նաև բնակելի տները, փողոցներում ամենուրեք անկարգություններ ու վայրենություններ էին կատարվում: Զանգվածային բախումների արդյունքում 191 մարդ է զոհվել, շուրջ 2 հազար մարդ վնասվածքներ են ստացել: