19 հունիսի 2010 - 15:35 AMT
Բաքուն ամեն ինչ անում է բանակցային գործընթացը ձախողելու համար

Բարձր մակարդակով յուրաքանչյուր հանդիպումից առաջ, Բաքուն փորձում էր սադրիչ հայտարարությունների, պատերազմի սպառնալիքների միջոցով տապալել բանակցությունները: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունն անցած գիշեր Մարտակերտի ուղղությամբ ադրբեջանական կողմից դիվերսիոն հարձակման փորձի վերաբերյալ: Էդվարդ Նալբանդյանի խոսքերով, տեսնելով, որ դա իրենց չի հաջողվում` ադրբեջանցիներն այս անգամ, հունիսի 17-ի եռակողմ բարձր մակարդակի հանդիպումից անմիջապես հետո գնացին ավելի հեռու`ակնհայտ սադրանքի: «Կարելի է ասել, որ դեռեւս չհասցնելով դուրս գալ բանակցությունների սրահից, ադրբեջանական ղեկավարությունը հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում կազմակերպել է դիվերսիոն գործողություն: Գիշերվա քողի տակ ուխտադրուժ հարձակվելը բնորոշ է Ադրբեջանին: Դա առաջին անգամ չի արվում»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Դիվերսիոն ոտնձգության արդյունքում կան զոհեր եւ վիրավորներ: Արցախի զինված ուժերը հետ են մղել այդ հարձակումը: «Ակնհայտ է, որ դա նախապես մտածված եւ ծրագրված գործողություն է: Դա եւս մեկ անգամ ցույց է տալիս Բաքվի իրական դեմքը, որն ամեն ինչ անում է բանակցային գործընթացը ձախողելու համար»,-ասել է նախարարը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: