23 հունիսի 2010 - 17:29 AMT
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում կկազմակերպվի գրական համաժողով

«ՀՀ սփյուռքի նախարարությունը ստեղծման դեռ առաջին ամսում հուշագիր ստորագրեց Հայաստանի գրողների միության հետ համատեղ ծրագրեր իրականացնելու համար» - այսօր Երևանում կայացած սփյուռքահայ և հայաստանյան գրողների «Հայ գրականությունը` հայոց միջնաբերդ» համաժողովին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Այս օրերին Հայաստանի գրողների միության հետ համատեղ լուրջ աշխատանքներ ենք տանում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում: Փառատոնը մեկնարկեց ապրիլին և կշարունակվի մինչև նոյեմբեր ամիսը, կազմակերպչական գլխավոր հարցերը լուցված են և սկսվում է համաժողովների հետաքրքիր ժամանակահատվածը: Իրականացվել են համատեղ գիտական կոնֆերանսներ, նաև 2010թ Հայաստանի գրողների միության հետ մեկտեղ հայտարարեցինք մայրենի լեզվի տարի»,- ասել է նախարարը:

Հրանուշ Հակոբյանի խոսքերով, կարևոր խնդիրներից է երիտասարդ գրողների ընդգրկումը ծրագրին: «Մեզ համար շատ կարևոր է, որ այս օրերին Երևանում տեղի են ունենում մի շարք գրքերի շնորհանդեսներ, որ շուտով համաժողովին կմասնակցեն Ստամբուլի «Մարմարա» թերթի խմբագիրը և նրա տեղակալը»,- նշեց նախարարը: Հրանուշ Հակոբյանը նաև նշել է, որ պաշտպանության նախարարության հետ համագործակցության շրջանակներում հայ գրողները կայցելեն զորամասեր, կհանդիպեն զինվորներին:

Իր հերթին Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը նշեց, որ աննախադեպ ակտիվություն է նկատվում թե Սփյուռքում, Հայաստանում: «Համաժողովի աշխարհագրությունը ընդլայնվել է. շուրջ 20 երկրներից գրողներ են ժամանում Հայաստան»,- ընդգծեց գրողների միության նախագահը:

Փառատոնի շրջանակներում տեղի կունենան թեմատիկ նիստեր, որտեղ տեղի կունենան քննարկումներ «Ժամանակակից հայ գրականության միջազգայնացումը», «Արդի հայ քնարերգություն.Սփյուռք», «Գրական մամուլը Հայաստանում և Սփյուռքում» թեմաներով:

Հրանուշ Հակոբյանը ավելացրեց, որ որոշակի աշխատանքներ են տարվում նաև մարզերում: Համաժողով կբացվի Կոտայքի մարզում, Ծաղկաձորում, իսկ Շիրազի 95 ամյակը կտոնեն Գյումրիում: