Դիվանագետների, գործարարների, կառավարության անդամների համար նախատեսված Ավստրիայի «Cercle diplomatique et economique international» եռամսյա հանդեսի վերջին համարում մի քանի էջ նվիրվել է Հայաստանին և հայ ժողովրդին:
Հանդեսում տպագրվել են հարցազրույցներ Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի և Վիեննայում բնակվող աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանի հետ: Հանդեսում տեղ են գտել նաև նյութեր ավստրիահայ համայնքի, Վիեննայի Մխիթարյան միաբանության և լիբանանահայ Մազբանյան ընտանիքի մասին, որը վերջին տարիներին մեծ համբավ է ձեռք բերել Վիեննայի ոսկերչության ոլորտում: