25 հունիսի 2010 - 18:35 AMT
Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին

Հունիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արգենտինյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միգել Անխել Կունեոյին: ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ նրա փորձն ու կարողությունները կնպաստեն հայ-արգենտինական հարաբերությունների զարգացմանը:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երկու երկրների միջև եղած մեծ հեռավորությունը չի խանգարի քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը, և, որպես Ազգային ժողովի նախագահ, ամեն ինչ կանի դրան նպաստելու համար: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կարևոր համարեց միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը` նշելով, որ ՀՀ Ազգային ժողովում գործում է հայ-արգենտինական պատգամավորական խումբ:

Արգենտինայի դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և փոխանցեց Արգենտինայի Պատգամավորների պալատի և Սենատի նախագահների ողջույնները: Զրուցակիցները նշեցին, որ Հայաստանում Արգենտինայի դեսպանատան բացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը: Ընդգծվեց տնտեսական կապերը խորացնելու անհրաժեշտությունը և գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացումը բիզնես ֆորումների միջոցով, որոնք հնարավորություն կտան երկու երկրների գործարարներին ավելի լավ ճանաչել միմյանց, տեղեկանալ հնարավորություններին:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցել բոլոր ծրագրերի իրականացմանը և անհրաժեշտ օրենսդրական դաշտի ձևավորմանը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: