27 հունիսի 2010 - 16:30 AMT
Իրանի խնդիրն ու «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպը քննարկվել են Օբամա-Էրդողան հանդիպման ընթացքում

Տորոնտոյում G20 գագաթաժողովի շրջանակներում կայացավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում, որը տևեց 1 ժամ 15 րոպե, քննարկվեցին «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպին առնչվող հարցեր, ահաբեկչության դեմ պայքարն ու Իրանի միջուկային ծրագիրը:

Ջերմ բարեկամական մթնոլորտում ընթացած հանդիպման ժամանակ դիտարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգում առկա հարցեր: Էրդողանը հայտնեց, որ Թուրքիան Իսրայելից ակնկալում է «Մավի Մարմարա» նավի վրա կատարած հարձակման հետ կապված հատուցման վճարում և Գազայի սեկտորի շրջափակման լիարժեք վերացում:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հերթին նշեց այն նշանակությունը, որն ԱՄՆ-ն տալիս է թուրք-իսրայելյան հարաբերություններին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Իրանի միջուկային ծրագիրն ու Թուրքիայի դիվանագիտական ջանքերը: Ինչպես նշվում է, կողմերը հստակ արտահայտեցին իրենց դիրքորոշումն այդ հարցի առնչությամբ, հաղորդում է TRT Russian-ը: