28 հունիսի 2010 - 15:29 AMT
«ԱրմենՏել»-ը արտոնյալ գներով ինտերնետ միացում կտրամադրի Հայաստանի կրթական հաստատություններին

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Ինտերնետ Հայաստանի կրթական հաստատություններին» լայնամասշտաբ ծրագրի մեկնարկի մասին: Ծրագրի շրջանակում ընկերությունը ՀՀ տարածքում, որտեղ հասանելի է Hi-Line ծառայությունը, արտոնյալ պայմաններով լայնամասշտաբ ինտերնետ մատչում կտրամադրի կրթական բոլոր հաստատություններին` բուհերին, դպրոցներին և ուսումնարաններին:

ՀՀ կրթական հաստատություններին հնարավորություն է ընձեռվում օգտվել Hi-Line ծառայությունից առանց միացման վճարի: ADSL մոդեմը նույնպես կտրամադրվի անվճար: Hi-Line Unlimited 256/64, 512/128 և 1024/256 անսահմանափակ սակագնային փաթեթների ամսավճարը համապատասխանաբար կազմում է 3900, 6000 և 7500 դրամ:

«Հայաստանում իր գործունեությունը ծավալելու առաջին իսկ օրից «ԱրմենՏել» ընկերությունն իր կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակում որպես գլխավոր ուղղություն որդեգրել է կրթական ոլորտին աջակցելու ռազմավարությունը: Ընկերությունը, հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած ռազմավարությանը, էլ ավելի մեծ ուշադրություն է դարձնում կրթական հարցերին: Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը կբարձացնի կրթության մակարդակը, այդ թվում կնպաստի համակարգչային և ինտերնետ գրագիտության զարգացմանը` հանդիսանալով լուսավոր ապագա կերտելու գրավական»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ընկերությունը կրթական հաստատություններին առաջարկում է օգտվել արտոնյալ պայմաններից 12 ամիս և ավել ժամանակահատվածով: Պայմանագրից վաղաժամկետ հրաժարվելու դեպքում կրթական հաստատությունը կվճարի միայն մոդեմի արժեքը: Արտոնյալ և շուկայում գործող գների տարբերությունը, ինչպես նաև միացման վճարը ընկերության կողմից ետ չի գանձվի: