29 հունիսի 2010 - 13:23 AMT
Հուլիսի 10-ին Երևանում կընտրվեն TEDx Yerevan համաժողովի խոսնակները

TEDx Yerevan համաժողովում ելույթ ունեցողների ընտրությունը կկայանա հուլիսի 10-ին Երևանում: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին միջոցառման կազմակերպիչները, պոտենցիալ խոսնակներին ներկայացվում են հետևյալ պահանջները. անգլերենի ազատ տիրապետում և այն բնագավառի գործնական փորձ, որը ներկայացնում է ելույթ ունեցողը: TEDx Yerevan համաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին Երևանում` Անի Պլազա հյուրանոցում: Շնորհանդեսների թեմաների ընտրության վրա ազդել են ինետերնետից օգտվողները, որոնք առաջարկներ են ներկայացրել և քվեարկել իրենց դուր եկած թեմաների համար tedxyerevan.com կայքում: Առավել տարածված թեմաների շարքում են էներգետիկան, նորարարությունները, տեխնոլոգիաները, կրթությունը, հայրենիք և սփյուռք և այլն: Այդ թեմաների համատեքստում էլ ընտրվելու են շնորհանդեսները և խոսնակները: Համաժողովի խոսնակներն են լինելու ինչպես հրավիրված և հայտնի փորձագետներ, այնպես էլ մրցույթով ընտրված մասնագետներ: Նախատեսվում է, որ համաժողովի ընթացքում կլինի 20-25 շնորհանդես, որոնցից յուրաքանչյուրը կտևի 6-12 րոպե և միայն բացառիկ դեպքերում ելույթը կարող է տևել 18 րոպե: