ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը, որ արվել է G8 գագաթնաժողովի շրջանակներում, իրավական ուժ չունի, քանի որ ԵԱՀԿ ՄԽ-ն լիազորություններ չունի ղարաբաղյան խնդրի լուծման հարցում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության վարչության անդամ Վահան Շիրխանյանը: Նրա խոսքերով, ՄԽ-ն այսօր չի կարող պատաասխանատվություն ստանձնել հնարավոր հետևանքների համար: Նա նշել է, որ բանակցությունների սեղանին դրված Մադրիդյան սկզբունքները փակուղի են տանում և չեն կարող խաղաղություն ապահովել տարածաշրջանում: Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Հայաստանը պետք է պահանջի, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ մանդատն ու լիազորությունները հստակեցվեն:
«Ղարաբաղի հարցում մենք շտապելու ոչինչ չունենք: Մենք պետք է առաջին հերթին կենտրոնացնենք մեր ջանքերն ու ուշադրությունը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վրա, քանի որ միայն դրանից հետո կհաջողվի լուծել մնացած բոլոր համազգային հարցերը»,-ասել է Վահան Շիրխանյանը:
Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին` Հայաստանի ՍԴՀԿ անդամը հայտարարեց, որ ոչ մի լարվածություն տարածաշրջանում չկա, իսկ պատերազմի վերսկսման հնարավորությունը մեծ չէ, չնայած Ադրբեջանի սպառազինմանը:
Ինչ վերաբերում է արտահերթ նախագահական ընտրությունների անցկացմանը Հայաստանում, ապա Վահան Շիրխանյանը նշել է, որ դա կարող է պատահել միայն մեկ դեպքում` եթե արտաքին ուժերը ստիպեն Հայաստանին այնպիսի համաձայնագիր ստորագրել Ղարաբաղի վերաբերյալ, որն անբարենպաստ կլինի հայկական կողմի համար: