Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հունիսի 29-30 Աստանայում կայացած հանդուրժողականության և ոչ-խտրականության վերաբերյալ ԵԱՀԿ բարձր մակարդակի կոնֆերանսի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ: Անդրադառնալով նիստի թեմային` պայքար ռասիզմի, այլատյացության և խտրականության դեմ` կենտրոնանալով նաև քրիստոնյաների և այլ կրոնների անդամների հանդեպ անհանդուրժողականության և խտրականության վրա, նա իր հայտարարության մեջ շեշտը դրել է հայկական քրիստոնեական համայնքների ու աշխարհասփյուռ հոգևոր-մշակութային ժառանգության` նրանց հասու լինելու հարցերի վրա: «Թեպետ մեծաթիվ մուսուլմանական երկրներում հայկական քրիստոնեական համայնքների իրավունքները լիարժեք պաշտպանված են, իրավիճակը մտահոգիչ է մեր հարևան երկու ԵԱՀԿ մասնակից պետություններում: Այնտեղ հայկական ինքնությունը և մշակութային ժառանգությունը շարունակաբար ենթարկվել են խտրական ու անհանդուրժող վերաբերմունքի և արարքների` սպառնալիքներ, հարձակումներ, կոտորածներ, վանդալիզմ, սրբավայրերի, գերեզմանների և հուշակոթողների անարգում և ոչնչացում:
Պաշտոնական հայտարարությունները, որոնցով փորձում են քաղաքական նկատառումներով կապիտալ վաստակել միգրանտների վիճակի հաշվին ու կապված չեն աշխատանքային իրավունքների կամ կարգավորումների հետ, և որոնց թիրախը որոշակի ազգության ներկայացուցիչներն են, հետագայում միայն սնուցում են հասարակության մեջ խտրական վերաբերմունքը` կաշկանդելով հիմնարար ազատություններից համապատասխան փոքրամասնության ազատորեն օգտվելը: Այդպիսի համատեքստում հայ փոքրամասնությունը չի կարող դրսևորել իր քրիստոնեական կամ ազգային ինքնությունը:
Այս բոլոր խնդիրները պատշաճ կարգով արձանագրվել են ՄԱԿ-ի և Եվրոպայի Խորհրդի դիտազննման մեխանիզմներով` չնայած դեռևս մնում են չլուծված: Այս համատեքստում մենք հանդես ենք գալիս հետևյալ առաջարկներով` երաշխավորել փոքրամասնական համայնքների ազգային և քրիստոնեական ինքնությունների լիարժեք դրսևորումը` զերծ հարձակման կամ հետապնդման թիրախ լինելու վախերից; վերացնել մարդու հիմնարար իրավունքների լիարժեք իրացմանը խոչընդոտող իրավական հոդվածներն ու դրույթները օրենսդրության մեջ; հայկական մշակութային ժառանգությունը հասու դարձնել հայ փոքրամասանությանը և ողջ հայ ժողովրդին; միջոցներ ձեռնարկել հասարակության մեջ տարածվող հակահայկական հիստերիան կանգնեցնելու ուղղությամբ; հարգել և ամբողջությամբ կատարել այն միջազգային պարտավորություններն ու հանձնառությունները, որոնք երկրները ստանձնել են Եվրոպական մշակութային կոնվենցիայի և Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության կոնվենցիայի շրջանակնեում, և հատկապես այն դրույթները, որոնք վերաբերում են համաեվրոպական ու համաշխարհային մշակութային ժառանգության մասը կազմող հայկական մշակութային հուշարձաններին; բարեխղճորեն իրականացնել նրանց յուրիսդիկցայի ներքո գտնվող հայկական մշակութային ժառանգության համալիր և ամբողջական հաշվառում, և դրա հիման վրա մշակել հայկական հնագույն և միջնադարյան մայրաքաղաքների, եկեղեցինեի, ամրոցների, գերեզմանոցների և այլ գանձակոթողների առաջնահերթ վերականգնման ռազմավարություն; անկախ փորձագիտական առաքելություն ուղարկել տարածաշրջան` այնտեղ հայկական մշակութային ժառանգության ներկա վիճակի գնահատման, և մասնավորապես` Նախիջևանում ու այլուր վանդալիզմի փաստերի փաստաթղթավորման նպատակով, որոնց մասին արդեն իսկ զեկուցել է հայկական կողմը: