ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հայկական կողմը պետք է առավել զգոն լինի, հակառակ պարագայում Ադրբեջանը ավելի կակտիվացնի մի կողմից հայկական կողմի վրա հոգեբանական ճնշում գործադրելու, իսկ մյուս կողմից համաշարհային հանրությանը շանտաժի ենթարկելու իր գործողությունները: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Ըստ նրա, այս համատեքստում Լեռնային Ղարաբաղը ևս պետք է ակտիվանա, ինչի նախանշաններն արդեն իսկ կան, քանի որ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը նշել է, որ պետք է փոխվի բանակցությունների փիլիսոփայությունը:
Անդրադառնալով Չայլու գյուղի մոտ վերջին միջադեպին` Արման Մելիքյանն ասաց, որ այստեղ իհարկե իր մեղքի բաժինն ունի նաև ԼՂՀ պաշտպանության նախարարությունը: «Այդ դեպքերի կազմակերպման մեջ իր դերն է ոունեցել նաև Թուրքիան և հայկական կողմը պետք է առավել զգոն լինի և կարողանա կանխարգելել դրանք: Բայց կա մեղմացուցիչ հանգամանք, քանի որ ադրբեջանական դիվերսիոն խումբը ավելի պատրաստված էր, բայց իմ կարծիքով պետք է լուրջ հետաքննություն անցկացնել` պարզելու համար թե ինչու հենց այդ հատվածում տեղի ունեցավ հարձակումը»,-ասել է Արման Մելիքյանը: