5 հուլիսի 2010 - 12:43 AMT
Դեսպան. «Արմավիա» ավիաընկերության նոր չվերթը մեծ դեր կունենա Հայաստանի և Լեհաստանի հետագա ծրագրերում

«Արմավիա» ավիաընկերության նոր չվերթը հայ-լեհական հարաբերությունների համատեքստում հսկայական դեր կխաղա երկու երկրների հետագա ծրագրերի իրագործման մեջ, այդ մասին լրագրողներին Վարշավայի միջազգային օդանավակայանում հայտարարել է Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը:

Լեհաստանում նախագահական ընտրությունների նախօրեին` հուլիսի 3-ին, կայացել է Երևան-Վարշավա-Երևան ուղիղ չվերթի բացումը:

Դրա հետ կապված` նա ներկայացրել է երկկողմանի հարաբերությունների զարգացման ներկա փուլը, նշելով, որ հուլիսի 13-ին նախատեսված է Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկու այցը Հայաստան, նույն օրն իր աշխատանքը կսկսի հայ-լեհական միջխորհրդարանական հանձնաժողովի առաջին նիստը: «Մենք արդեն ավարտել ենք բոլոր անհրաժեշտ գործընթացները, ստորագրել ենք տնտեսական համաձայնագիր Հայաստանի և Լեհաստանի միջև: Պետք է նշել, որ կան տնտեսական, քաղաքական, պատմական և մշակութային բոլոր նախադրյալները մեր հարաբերությունների ընդլայնման համար»,- ասել է դեսպանը և հավելել, որ նոր չվերթը կրճատում է երկու երկրների միջև տարածությունը, թույլ է տալիս ավելի լավ ճանաչել Հայաստանը, ինչպես նաև նպաստելու է բոլոր ոլորտներում երկկողմանի հարաբերությունների խորացմանը:

Ինչպես նշել է դեսպանը, եթե վերադառնանք անցյալ, ապա արտաքին աշխարհում հայերն առաջին անգամ ճանաչում գտան, երբ լեհ թագավոր Սիգիզմոնդ Օգոստոս 1-ինն առաջին անգամ ճանաչեց հայկական սփյուռքը, որն այսօր Լեհաստանում հասնում է 25 000-ի: Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» հիման վրա Լվովի համայնքն ինքնակառավարման հնարավորություն է ունեցել», - ասել է նա:

Անդրադառնալով Երևան-Վարշավա-Երևան չվերթին` Աշոտ Գալոյանն ավելացրել է, որ դա նաև նպաստելու է զբոսաշրջության ոլորտում փոխանակման արագացմանը, քանի որ ավելի վաղ Հայաստան հասնելու համար անհրաժեշտ էր անցնել երրորդ երկրով: